text
stringlengths
0
114k
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին,մարվել՝ 06.52-ին:
Ամբողջությամբ այրվել են Լ.Սահակյանին պատկանող տան տանիքը՝ 50 քմ մակերեսով, նախասրահը՝ 18 քմ մակերեսով և ննջասենյակը՝ 8 քմ մակերեսով:
Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում զոհվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:
Ըստ բժիշկների՝ Ն.Ազարյանի և Ժ.Առուստամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Բ.Առուստամյանինը՝ ծանր:
Ապրիլի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 16.15-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 1939 թ. ծնված Մարգարիտա Ավագյանի դին:
Ապրիլի 23-ին, ժամը 10.04-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում մոտակա ժայռից ժայռաբեկոր է կախվել. առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը: Տեղեկացնենք, որ նա  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է:
 ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել փախուստի: Աղջիկը բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:Կատարվում է քննություն:
Ապրիլի 24-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` նախկին տեքստիլ գործարանի մոտակայքում, ցուլն ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցլին անվնաս դուրս են բերել դիտահորից:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը, ով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, ձերբակալված է:
Ավելացնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը ևս այս գործով բերման էր ենթարկվել, նա ազատության մեջ է: Ապրիլի 23-ին ոստիկանություն որպես վկա ցուցմունք տալու էր հրավիրվել նաև Վարդան Ղուկասյանը:
Ապրիլի 27-ին, ժամը 08.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբետ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար, հայտնում ԱԻՆ մամլո ծառայությունը:
Ապրիլի 26-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացի Աթոյանը սպառնում է կտրել երակները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աթոյանը կտրել է երակները և գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը փրկարարները Աթոյանին ցուցաբերել են առաջին բուժգօնություն:  
«Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջեւ Հյուսիսային պողոտայում, ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ news.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ընթացք տալ տեղի ունեցածին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է, որ ոստիկանապետին զեկուցվել է միջադեպի մասին: «Մենք տեղյակ ենք միջադեպից, տեսել ենք տեսանյութը: Ոստիկանության պետին զեկուցվել է եւ ոստիկանության պետի կողմից որոշում է ընդունվել ծառայողական քննություն անցկացնել»: Ահարոնյանը հավաստիացրել է, որ մեղավորներն անպայման կպատժվեն:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել եւ վիրավորել է Hetq.am էլեկտրոնային կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը եւ հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցածը։
«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գեւորգին եւ ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության  «Գազելը»:
«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:
Ինտերնետում նրա վերաբերյալ միակ տեղեկատվությունն, ըստ լրագրողի, 2011-ի հոկտեմբերի 14-ին տեղադրված տեսանյութն է, որտեղ Վ. Ղուկասյանը, սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ, պաշտպանում է ՊՆ շահերը: