Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
2.34 kB
Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, փետրվարի 26-ին փոխեց համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման համար:
ԷկոԼուրի աղբյուրի համաձայն, առանց քննարկում ծավալելու, Մեծ Այրումի ավագանու երեք անդամները` Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, նախկին գյուղապետ Պապիկ Առուժանյանը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Սամվել Միրզոյանը, հապճեպ ստորագրել են պոչամբարի համար հողի կարգի փոփոխման որոշման տակ և անմիջապես հեռացել համայնքապետարանից:
Քննարկմանը մասնակցելու եկած բնակիչները, ովքեր դեմ են պոչամբարին, վիճաբանել են համայնքապետի և ֆաբրիկայի ներկայացուցչի հետ: Նրանք նշել են, որ անկախ ընդունված որոշումից իրենք պայքարելու են մինչև վերջ:
Պոչամբարի կառուցմանը դեմ Մեծ Այրումի միակ ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը չի մասնակցել քննարկմանը գործուղման մեջ լինելու պատճառով: ԷկոԼուր-ի հետ զրույցում Օ. Դուլգարյանը նշեց, որ չի հանձնվելու և շարունակելու է պայքարը, մինչև այդ որոշումը ճանաչվի անվավեր:
Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների վարչական տարածքում երկար տարիներ է, գտնվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարը, որը թունավորում է շրջակա միջավայրը եւ բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա:
ԷկոԼուր