Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, փետրվարի 26-ին փոխեց համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման համար: ԷկոԼուրի աղբյուրի համաձայն, առանց քննարկում ծավալելու, Մեծ Այրումի ավագանու երեք անդամները` Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, նախկին գյուղապետ Պապիկ Առուժանյանը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Սամվել Միրզոյանը, հապճեպ ստորագրել են պոչամբարի համար հողի կարգի փոփոխման որոշման տակ և անմիջապես հեռացել համայնքապետարանից: Քննարկմանը մասնակցելու եկած բնակիչները, ովքեր դեմ են պոչամբարին, վիճաբանել են համայնքապետի և ֆաբրիկայի ներկայացուցչի հետ: Նրանք նշել են, որ անկախ ընդունված որոշումից իրենք պայքարելու են մինչև վերջ: Պոչամբարի կառուցմանը դեմ Մեծ Այրումի միակ ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը չի մասնակցել քննարկմանը գործուղման մեջ լինելու պատճառով: ԷկոԼուր-ի հետ զրույցում Օ. Դուլգարյանը նշեց, որ չի հանձնվելու և շարունակելու է պայքարը, մինչև այդ որոշումը ճանաչվի անվավեր: Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների վարչական տարածքում երկար տարիներ է, գտնվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարը, որը թունավորում է շրջակա միջավայրը եւ բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: ԷկոԼուր