Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
Դու էլ, աղջի՜կս, պատրաստվի՜ր, ժամանակն է, որ ճանապարհ ընկնես:
Ոտից գլուխ հագիր քո վարդագույն զգեստներդ ու ե՛կ, ես քեզ կասեմ, թե ո՛ւմ ես երևալու էս գիշեր և ի՛նչ ես անելու:
Երազող Իերգը էս որ լսեց, էնպես մի տղամարդություն եկավ վրեն, որ բնավ չէր ունեցած:
Վեր կացավ ու հաստատուն ձենով էսպես կանչեց.
— Հա՛յր արքա, — ասավ, — ես էլ չեմ բաժանվելու իմ երազից — իմ թագուհուց:
Կամ ինձ պետք է թողնեք, որ մնամ էստեղ, կամ սրան պետք է թողնեք, որ մեր աշխարհքը գա ինձ հետ:
Առանց սրան էլ չեմ կարող ապրել, էնքա՛ն եմ սիրում...
Ու աչքերը լցվեցին խոշոր արցունքներով:
— Բայց, Իե՛րգ, — խոսեց Երազների թագավորը, — պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է:
Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում:
Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը:
Բայց վերև գնաք թե չէ` սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև. — դեպի ինձ:
Էն ժամանակ քո երազը — քո թագուհին էլ միս ու արյուն կառնի, կդառնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն...
Իերգը թագավորին սրտանց շնորհակալություն արավ ու ասավ.
— Սիրելի թագավոր, քանի որ դու էդքան բարի ես, համարձակվում եմ մի խնդիրքով էլ անհանգստացնել քեզ:
Տեսնում ես` արդեն թագուհի ունեմ, բայց թագավորություն չունեմ:
Ի՞նչպես կլինի` թագուհի առանց թագավորության:
Չե՞ս կարող արդյոք մի թագավորություն էլ տալ:
Ի՜նչքան ուզում է փոքրիկ լինի, միայն թե թագավորություն լինի:
— Գիտե՞ս ինչ կա, Իերգ, — պատասխանեց Երազների թագավորը. — թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ — ունեմ, և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը:
Իերգը հետաքրքրվեց իմանա, թե ինչ տեսակ բաներ են էդ աներևույթ ասված թագավորությունները, բայց թագավորը նրան պարզեց, թե ամեն բան ինքը ժամանակին կիմանա և շատ կզարմանա, երբ կտեսնի, թե ի՞նչ լավ է ու ի՜նչքան հարմար էդ տեսակ աներևույթ թագավորություն ունենալը:
— Սովորական, տեսանելի թագավորությունները շատ անգամ շատ հոգսեր ու անախորժություններ են ունենում, — բացատրեց թագավորը:
— Օրինակի համար. ասենք թե դու թագավոր ես, դեռ անկողնումն ես. մին էլ տեսար` առավոտը վաղ նախարարը մոտեցավ անկողնիդ ու ասում է.
«Ձերդ մեծություն, տերության կարիքների համար ինձ մի հազար ռուբլի է պետք»:
Գանձարանը բաց են անում, տեսնում ես` մեջը կոպեկ չկա:
Ի՞նչ անես:
Դեռ այն էլ կարող է պատահել, որ քեզ պատերազմ հայտնեն, հաղթեն, ու էն թագավորը, որ քեզ հաղթել է, պսակվի հենց քո թագուհու հետ, իսկ քեզ մի աշտարակում փակի:
Իսկ աներևույթ թագավորության մեջ անկարելի է, որ էդ տեսակ բաներ պատահեն:
— Բայց եթե էդ թագավորությունը աներևույթ է ու մենք չենք տեսնելու, դրանից ի՞նչ դուրս կգա, — հարցրեց Իերգը:
— Ա՛յ անխելք մարդ, — բացականչեց թագավորը, — ախր չէ՞ որ ձեզ համար աներևույթ չի լինիլ, դու ու քո թագուհին կտեսնեք:
Դուք պարզ կտեսնեք ձեր թագավորությունը և պալատները իրենց պարտեզներով, և՛ մարգագետինները, և՛ անտառները:
Նրանց մեջը կապրեք, կզբոսնեք, կանեք` ինչ որ քեֆներդ կտա:
Միայն ուրիշների համար կլինի աներևույթ, ուրիշները չեն տեսնիլ ձեր թագավորությունը:
Իերգը սրա վրա շատ ուրախացավ, որ իրենց գյուղացիք ոչ կտեսնեն, որ ինքը թագուհի ու թագավորություն ունի, ոչ էլ նախանձից խեթ կնայեն:
Շնորհակալություններով հրաժեշտ տվեց Երազների թագավորին, իր թագուհու հետ հինգ հարյուր աստիճան վերև բարձրացավ, նրա գլխից վեր առավ արծաթի քողը ու ձգեց ներքև:
Հետո ուզեց ստորերկրյա մուտքի դուռը ետ դնի, բայց էնքան ծանր էր, որ չկարողացավ պահի, ձեռիցը դուրս պրծավ ու մի էն տեսակ ահագին թնդյուն հանեց, կարծես միանգամից բազմաթիվ թնդանոթներ որոտացին, ու Իերգը հանկարծ ուշաթափ եղավ:
Մին էլ ուշքի եկավ, տեսավ ինքը իրենց դռան հին ջաղացաքարի վրա նստած, կողքին կանգնած իր թագուհին, միայն ոչ թե երազ, այլ մարմին առած, սովորական կին:
Իր ձեռիցը բռնած նա փաղաքշում էր իրեն ու խոսում. «Ա՜յ դու իմ ազնիվ, իմ բարի, իմ հիմար Իե՜րգ, ուրեմն էսքան ժամանակ սիրում էիր ինձ ու սի՞րտ չէիր անում ասե՛ս... վախենում էիր ինձանի՛ց....»
Լուսինը ելավ ու լուսափայլեց գետը, ալիքները հնչյուն ծփալով զարկում էին ափերին, անտառը խուլ աղմկում էր, նրանք դեռ նստած խոսում էին ու խոսում:
Հանկարծ լուսնի վրա մի սև ամպի պատառ եկավ, էս միջոցին նրանց ոտների տակ մեծ թաշկինակի պես մի բան ընկավ. ու նորից լուսինն սկսեց փայլել առաջվա պես պայծառ:
Նրանք թաշկինակը վեր առան, ուզեցին բաց անեն, բայց տեսան, որ շատ է բարակ ու անթիվ անգամ ծալած, էնպես որ երկար տևեց, մինչև բոլոր ծալքերը բաց արին:
Ետ բաց արին` ի՛նչ տեսնեն. աշխարհագրական քարտեզի նման մի բան:
Մեջտեղից մի գետ է հոսում, գետի երկու կողմը` քաղաքներ, անտառներ ու լճեր:
Իսկույն գլխի ընկան, որ էս էն թագավորությունն է, որ բարի Երազների թագավորն իրենց համար ցած է գցում երկնքից:
Եվ երբ ետ նայեցին իրենց փոքրիկ տնակին, տեսան դարձել է հոյակապ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե թավշածածկ պատերով ու բարձր աշտարակներով, փիրուզե տանիքներով:
Ձեռ-ձեռի տված ներս մտան ու կորան ծաղիկների մեջ, անուշահոտ բուրմունքների, երաժշտության, ուրախության ու ամեն բանի լիության մեջ:
Մյուս օրը ամբողջ գյուղը դրըմբում էր, թե Երազող Իերգը վերադարձել է ու կին է բերել իրեն համար:
— Իրեն նման մի բան կլինի, էլի՛, — ասում էին չորս կողմից:
— Էսօր առավոտ անտառ էի գնում, տեսա շեմքումը կանգնած էր, — մեջ մտավ մի գյուղացի:
— Բանի նման չի, էլի՜. մի լղար, պուճուր աղջիկ ա:
Հագինն ու վրինն էլ հո էնպես...
— Բա ի՞նչ էր լինելու:
Սա բան չունի, նա էլ սրա նման, — նկատեց մի ուրիշը:
Էսպես էին խոսում էն տխմար մարդիկ, ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր:
Ոչ էլ էն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել:
Եվ ի՞նչպես պետք է տեսնեին:
Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներեվույթ թագավորություն էր:
Ինքը Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ իր թագուհու հետ ուրախ ու բախտավոր:
1920
ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ
Լև Տոլստոյ
1
Մի աղջիկ է լինում. էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը:
Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս` ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի:
Դուռը բաց է լինում:
Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա:
Ներս է մտնում:
Դու մի՛ ասիլ` էս տնակում երեք արջ են ապրում` հերը, մերը և իրանց քոթոթը:
Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու:
Տնակը ունենում է երկու սենյակ` մինը սեղանատուն, մյուսը ննջարան:
Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր:
Առաջինը` հոր ամանը, մեծ է լինում. Երկրորդը` մոր ամանը, միջակ, երրորդը` քոթոթի ամանը, փոքրիկ:
Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած` մեծ, միջակ ու փոքր:
Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում մեծ ամանից, անհամ է լինում:
Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի:
Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից:
Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է:
Ուզում է նստի` տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր:
Բարձրանում է մեծ աթոռին` վեր է ընկնում:
Նստում է միջակ աթոռին` տեսնում է անհարմար է:
Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում:
Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել:
Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա:
Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում:
Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը:
Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր:
Պառկում է մեծ մահճակալի վրա` տեսնում է շատ է լեն:
Միջակի վրա է պառկում` տեսնում է շատ է բարձր:
Փոքրի վրա պառկում` տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է:
Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն:
Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.
— Էս ո՞վ է կերել իմ ամանից:
Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.— Էս ո՞վ է կերել իմ ամանից:
Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.— Էս ո՞վ է կերել իմ ապուրը:
Հերը նայում է իր աթոռին ու փնթփնթում.Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել:
Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել:
Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել:
Մտնում են մյուս սենյակը:
Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել:
Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել: