Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
ԱՆԵՐԵՎՈԻՅԹ ԹԱԳԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ
Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը:
Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար:
Հենց տաս կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին կոտրած ջաղացաքար:
Էն հին կոտրած ջաղացաքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը:
Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա. արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին` նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին:
Եվ որովհետև գյուղի գործերով էլ շատ չէր հետաքրքրվում ու գրեթե միշտ մնում էր խաղաղ, մենակ իր մտքերի մեջ խորասուզված, գյուղացիք էլ, հեգնելով, անունը դրել էին Երազող Իերգ:
Նա էլ իսկի չէր նեղանում սրանից:
Քանի մեծանում էր` էնքան առանձնանում էր ու դառնում լռակյաց, իսկ երբ հերն էլ մեռավ ու հին կաղնենու տակ թաղեց, նրանից հետո հո էլ ձեն չէր հանում:
Այժմ առաջվանից ավելի հաճախ էր նստում հին կոտրած ջաղացաքարին ու նայում էր ներքև, հովիտին, որտեղից իրիկվան մշուշը բարձրանում ու մեղմիկ սողում էր սարն ի վեր. հետևում էր հետզհետե ցած իջնող մութին, ծագող լուսնին ու իրար ետևից ցոլացող աստղերին:
Նրան էնպես էր թվում, թե գետի ալիքները երգում էին, սկզբում մեղմ, ու կամացուկ, ապա թե պարզ ու լսելի:
Երգում էին էն սարերից, որտեղից սկիզբ էին առնում, երգում էին էն ծովերից, որոնց ծոցն էին հոսում, ու իրենց ջրերում ապրող հավերժահարսներից:
Սրանից հետո անտառն էր սկսում աղմկել, միայն թե ուրիշ տեսակ, քան թե սովորաբար աղմկում են անտառները, ու շատ զարմանալի պատմություններ էր անում:
Մյուսներից շատ պատմություն գիտեր մանավանդ ծառերից մինը, էն պառավ կաղնին, որի տակ թաղված էր իր հերը:
Աստղերն էլ, հո, որ ցոլցլում էին երկնքում, ասես թե լցվում էին ներքև թափվելու սաստիկ տենչով, ուզում էին թափվեն ցած էն կանաչ անտառն ու էն կապուտակ գետը, ու էնպես էին վառվռում ու թռվռում, կարծես թե էլ չէին կարողանում դիմանան ներքևի հրապուրանքներին:
Բայց հրեշտակները, որոնցից ամեն մինը կանգնած էր իր աստղի կողքին, շարունակ զսպում էր նրանց ու ասում. «Այ աստղիկնե՛ր, ա՛յ աստղիկներ, էդպես խենթություն մի՛ անեք, ա՛յ աստղիկներ:
Դուք երեխա հո չե՞ք, որ էդպես գժություններ եք անում. քանի-քանի հազար տարի է ապրում եք տիեզերքում:
Ավելի լավ է խաղաղ ու հանգիստ ձեր տեղը մնաք...»
Այո՛, հրաշալի էր էն հովիտը:
Միայն թե էս ամենը տեսնում ու լսում էր մենակ Երազող Իերգը:
Իսկ գյուղում ապրող մնացած մարդիկ սովորական մարդիկ էին, մտքներովը էս տեսակ բաներ իսկի անց էլ չէին կացնում:
ժամանակ առ ժամանակ նրանք կտրում էին անտառի հսկա ծառերից մեկն ու մեկը, սղոցում, ջարդում, ծղան անում ու կրակին վրա տալով ասում. «Դե՛, ա՛յ հիմի նորից կարող ենք սուրճ եփել խմել»:
Գետի մեջ իրանց լվացքն էին անում, որ շատ մեծ հարմարություն էր նրանց համար:
Աստղերին նայելիս էլ, երբ որ տեսնում էին շատ են պայծառ ցոլում, ասում էին. «Էս գիշեր թունդ ցուրտ է լինելու, մեր կարտոֆիլը ցրտատար չլինի՞»:
Իերգն էլ եթե ճգնում էր նրանց բացատրի, թե բանն ընչումն է, — ծիծաղում էին վրեն:
Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացաքարի վրա նստած միտք էր անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ ու աննկատելի քնեց:
Երազում տեսավ, իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև:
Ամեն մի շղթայի ծերը ամրացրած էր մի աստղից, իսկ ճոճում նստած էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում:
Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ էր ձգում Իերգին:
Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՛ր, վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան:
Իերգը քնից վեր թռավ, չորս կողմը նայեց, տեսավ քարի վրա, կողքին մի վարդի փունջ:
Մյուս օրը նորից քնեց էնտեղ, նորից նույն երազը տեսավ, ու երբ որ զարթնեց, դարձյալ կողքին վարդեր էին թափած:
Էսպես շարունակ մի ամբողջ շաբաթ:
Իերգը վճռեց, որ էս երազը եթե էսպես նույնությամբ կրկնվում է, կնշանակի սրա մեջ մի ճշմարիտ բան կա:
Վճռեց, տան դուռը փակեց, բանալին գրպանը դրեց ու գնաց էն աղջկանը որոնելու:
Գնա՜ց, գնա՛ց, երկար թափառեց, շատ ման եկավ, վերջապես մի երկիր տեսավ, հեռու, ուր ամպերը հասնում էին մինչև գետին:
Աշխույժ, ուրախ առաջ գնաց ու մի քիչ ժամանակ հետո ընկավ մի մեծ անտառ:
Հանկարծ էստեղ մի հառաչանքի ձեն ընկավ ականջովը:
Վազեց էն կողմը, որտեղից լսվում էր ձենը. տեսավ ալեխառն մորուքով մի պատկառելի ծերունի` գետին ընկած, երկու մերկանդամ այլանդակ մարդ էլ վրեն չոքած` ուզում են խեղդեն:
Իերգը չորս կողմը նայեց, տեսնի ինչով կարող է օգնության հասնի. մի մեծ կոճղ պոկեց, որ պոկելուն պես դարձավ ծանր տապար:
Էս տապարով էնպես ուժգին հարձակվեց չարագործների վրա, որ նրանք օգնություն կանչելով ծերունուն թողին ու փախան:
Իերգը վեր քաշեց ծերունուն, օգնեց, որ կարգի գա, ու հարցրեց, թե ինչո՞ւ էին էն տկլոր ավազակները խեղդում իրեն, ի՞նչ էին ուզում:
Եվ ծերունին պատմեց, թե` ես Երազների աշխարհի թագավորն եմ, սխալմունքով մի քիչ հեռացել էի իմ տերության սահմաններից, ընկել էի իմ ամենաոխերիմ թշնամու-Իրականության թագավորի տերությունը:
Էս բանը նկատել էր Իրականության թագավորը, իր ծառաներից երկուսին ղրկել էր իմ դեմ, նրանք էլ դարան մտնելով բռնել էին ինձ` ուզում էին խեղդեին...
— Դու Իրականության թագավորին ի՞նչ վատություն ես արել որ... — հարցրեց Իերգը:
— Ոչ մի վատություն, — պատասխանեց ծերունին, — բայց առհասարակ նա շատ ամբարիշտ բնություն ունի. իսկ ինձ ատելով ատում է:
— Բայց էն մարդիկը, որոնց նա ղրկել էր քո դեմ, տկլո՞ր էին:
— Հա՛, — պատասխանեց Երազների թագավորը, — նրանք մորուց տկլոր են:
Էդպես է Իրականության աշխարհքի մոդան:
Էնտեղ ամենքը, նույնիսկ իրենց թագավորը տկլոր են ման գալիս ու իսկի էլ չեն ամաչում դրանից:
Զարմանալի խալխ են:
Բայց դու որ իմ կյանքը փրկեցիր, ուզում եմ երախտահատույց լինեմ քեզ ու ցույց տամ իմ աշխարհքը:
Երազների աշխարհքը ամենասքանչելի աշխարհքն է, իսկ երազները` իմ հպատակներն են:
Ասավ Երազների թագավորն ու առաջ գնաց:
Իերգը հետևեց նրան:
Երբ հասան էնտեղ, որտեղ ամպերը գետնին են առնում, թագավորը մի թփուտում ծածկած դուռը ցույց տվեց, որ` ով որ չիմանար, անկարելի բան էր, որ գտներ ու բաց աներ:
Թագավորը դուռը բաց արավ, իր ուղեկցին տարավ հինգհարյուր աստիճան ներքև, մի պայծառ, լուսավորված քարանձավ, որ ձգվում էր երկար, շատ ու շատ մղոններ:
Զարմանալի գեղեցիկ էր էն քարանձավը:
Էլ ինչ ասես որ չկար էնտեղ:
Մեծ լճերի մեջ, կղզիների վրա, կանգնած պալատներ կային, ու կղզիները հանգիստ լողում էին վճիտ ջրերում:
Ով ուզեր էն պալատներից մեկն ու մեկի մեջ մտնի` պետք է ափին կանգներ ու կանչեր.
«Պալա՜տ, պալա՜տ, լողա՜ դեպ ինձ,Որ հեշտ մտնեմ ես քո դըռնից»:
Ու պալատն իրան-իրան կլողար դեպի ափերը:
Կային և ուրիշ դղյակներ, որ հանդարտ օրորվում էին ամպերի վրա:
Պետք էր միայն ասել.
«Դղյա՜կ, դղյա՜կ, իջի՛ր դեպ ինձ,Որ հիանամ ես քո տեսքից»:
Ու դղյակը հանդարտիկ գետին կիջներ:
Պարտեզներ էլ կային, որոնք ծաղիկներ ունեին, որ ցերեկները բուրում էին անուշահոտ, իսկ գիշերները լույս էին տալիս:
Ամենաերփներանգ գույներով վառվող հավքեր կային, որ հեքիաթներ էին պատմում, և ուրիշ շատ ու շատ զարմանահրաշ բաներ:
Երազող Իերգը զարմանքից ու խնդությունից չէր իմանում ո՛րին նայի, ո՛րը թողնի:
— Արի՛ հիմի քեզ իմ հպատակները` երազները ցույց տամ, — ասավ թագավորը:
— Երեք տեսակ երազներ ունեմ. լավ երազներ — բարի մարդկանց համար, վատ երազներ — չարերի համար, և, սրանցից բացի, ունեմ նաև խիպիլիկ երազներ:
Սրանցով էլ զանազան խաղեր եմ հորինում:
Չէ՞ որ երբեմն-երբեմն թագավորներն էլ են ուզում զվարճանան:
Էստեղից թագավորը Իերգին տարավ մի այգի, ուր ծառուղիները արծաթից էին, ածուները ոսկուց, իսկ ծաղիկները անգին քարերից:
Էստեղ զբոսնում էին լավ երազները:
Առաջինը Իերգի աչքին ընկավ մի դալկադեմ, նորատի ջահել կին, ձեռքին խաղալիքներով լիքը մի արկղիկ:
— Սա ո՞վ է:
— Էդ կինը ամեն իրիկուն գնում է մի հիվանդ երեխի մոտ, որի մերը նորերս է մեռել, — ասավ Երազների թագավորը:
— Ցերեկը որբ երեխան միշտ մնում է մենակ, իսկ գիշերները սա գնում է հետը խաղում ու մոտը մնում մինչև լույս:
Սակայն, ե՛կ, մի քիչ էլ գնանք դենը:
Գնացին:
Մտան մի ուրիշ այգի` լիքը բարի երազներով:
Բարի երազները` տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երեխաների կերպարանքներով, բոլորն էլ բարի, ժպտուն դեմքերով, ամենագեղեցիկ զգեստներով:
Շատերը ձեռներին բռնած ունեին ամեն տեսակ լավ բաներ, ինչ որ միայն կարող է ուզել մարդու սիրտը:
Բայց Իերգը հանկարծ կանգ առավ ու էնպես բարձր ճչաց, որ բոլոր երազները ետ դառան դեպի նա:
— Ի՞նչ պատահեց, — հարցրեց թագավորը:
— Ահա էստեղ է իմ ծանոթ աղջիկը, որ ինձ երևում էր էնքան հաճախակի ու վարդեր էր բերում ինձ համար:
— Իհարկե, իհարկե էստեղ է, — պատասխանեց թագավորը:
— Հենց նա ինքն է, որ կա:
ճշմարիտ է, չէ՞ որ քեզ լավ երազ էի ղրկում:
Գրեթե ամենալավ երազը...
Ու Իերգը վազեց դեպի իր ծանոթ աղջիկը, որ ինչպես միշտ, իր ոսկե ճոճում նստած ճոճվում էր:
Նա էլ, հենց սրան տեսավ թե չէ, ներքև թռավ ու վազեց գիրկն ընկավ:
Իրար ձեռից բռնած նստեցին մոտակա ոսկի աթոռին ու հրճվանքով անվերջ կրկնում էին, թե ի՜նչ լավ եղավ, որ նորից իրար պատահեցին:
Կրկնում էին ու կրկնում, և կարծես միշտ նոր էին ասում:
— Դե՛, երեխեք, հերիք է:
Քո տունը հեռու է, Իե՜րգ, ե՞րբ պետք է հասնես:
էստեղ քեզ չեմ կարող թողնել, մենք քեզ համար տեղաշոր չունենք:
Դու գիտես, որ երազները չեն քնում, այլ գիշերները գնում են վերև-մարդկանց մոտ: