Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
3.46 kB
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը:  ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոկարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին: Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել է ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերում կատարված փոփոխությունները. «Ասպիրանտուրայի համակարգում քննությունները` մինիմումները հանվել են, քանի որ ասպիրանտները, ըստ էության, նույն քննությունը երկու անգամ էին հանձնում` մեկ անգամ ընդունվելու, մեկ անգամ էլ ատենախոսության պաշտպանությունից առաջ: Դա արվել է ասպիրանտի ուշադրությունն առավելապես գիտական աշխատանքին ուղղելու նպատակով: Նոր կարգով` ասպիրանտները ընդունելության քննություններ են հանձնելու` օտար լեզվից, ինֆորմատիկայից և մասնագիտական առարկայից: Իսկ արդեն ուսումնառության երեք տարիներին նրանք պարտավոր են հանձնել միայն մասնագիտական քննություն: Այս առումով դաշտը ասպիրանտների և հայցորդների համար հավասարեցվել է, քանի որ նախկինում հայցորդները փաստորոն մեկ անգամ էին հանձնում քննություն` մինիմումի տեսքով»,- տեղեկացրել է Լ. Արզումանյանը: Խստացվել են պահանջները գիտական աշխատանքների ղեկավարների նկատմամբ` նախկին կարգով թեկնածուական աշխատանքների գիտական ղեկավարներ կարող էին դառնալ գիտությունների դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեկնածուները: Նոր կարգով թեկնածուական ատենախոսություններ ղեկավարելու իրավունք կարող են ստանալ միայն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող այն անձինք, ովքեր ունեն առնվազն 30 հրապարկված գիտական հոդված. «Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները»,- նշել է Լ. Արզումանյանը: