Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
5.55 kB
Հանրապետության հրապարակի շինարարության համար մրցույթ հայտարարելուց առաջ նախ պետք է հստակեցվեին մրցույթի պայմանները: Հենց սա էլ վրդովեցրել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին:
«Քանի որ մրցույթի պայմանները վերջնական քննարկման արդյունք չեն, իրենց մեջ մեծ բացեր ունեն: Ճարտարապետական հանձնաժողովում են քննարկվել այդ հարցերը, և պայմանավորվածություն կար, որ վերջնական տեսքի վրա մենք բոլորս պետք է աշխատեինք, բայց դա չարվեց»,- Մկրտիչ Մինասյանի խոսքերն է մեջբերում «Ա1+»-ը:
Ճարտարապետին անհանգստացնում են մրցույթի ծրագրում նշված մի քանի կետեր, որոնցից մեկում ասվում է, որ առանձնակի ուշադրության կարժանանան այն առաջարկությունները, որոնք առավել հիմնավոր լուծումներ կառաջարկեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման և ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման համար:
Aravot.am-ի փոխանցմամբ էլ, պարոն Մինասյանի խոսքով՝ անհեթեթ են հնչում այն պատճառաբանությունները, ըստ որոնց՝ հրապարակի շրջակայքում վեր խոյացած շինությունները աղճատում են հրապարակի տեսքը: «Դրա մասին շուտ պետք է մտածեին: Եվ հետո Հանրապետության հրապարակի կարևորությունն այնքան մեծ է, որ հրապարակի վերակառուցումը համապետական նշանակություն պետք է ունենա»,- նշեց ճարտարապետը՝ նկատելով, որ Երևան քաղաքն ունի ծայրամասեր, որտեղ տարիներով որևէ վերակառուցում կամ բարեփոխում չի կատարվում:
«Թամանյանական դպրոցի բոլոր շենքերը մենք արդեն խեղաթյուրել ենք: Մենք ծայրամասեր ունենք, որտեղով ես ամաչում եմ քայլել»,-ասել է Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետն ասում է` սրանք շատ վտանգավոր դարձվածքներ են: «Ծավալատարածական հորինվածքները` Հանրապետության հրապարակի շուրջ մեզ հայտնի, շատ կայացած, գեղեցիկ, և հեղինակավոր ճարտարապետների կողմից արված գործեր են: Իսկ այդ հորինվածքներին ձեռք տալն իր մեջ մեծ վտանգ է պարունակում»,- ասաց ճարտարապետը:
Մեկ այլ խնդիր է, որ մրցույթի ծրագրում ընդհանրապես նշված չէ, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է: «Հուշարձան լինելու դեպքում մոտեցումները լրիվ ուրիշ են: Եթե հուշարձան է, ուրեմն այն անձեռնմխելի է, և այն պետք է ունենա Մշակույթի նախարարության եզրակացությունը»,- ասաց պարոն Մինասյանը:
Հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթը շատ շտապ է արված, այն թերի է և վտանգավոր: Ճարտարապետն ասում է` հրապարակն այսօր ապրում է իր ռիթմով, և բոլորովին էլ անհրաժեշտություն չկար նման արագ որոշումներ կայացնելու:
Երբ որոշվում է, որ, օրինակ` պետք է հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, նախ պետք է այդտեղ հնագետներ աշխատեին, իսկ ծրագրում նման կետ չկա:
«Հրապարակը հնագիտական բազմաթիվ շերտեր ունի, և շատ հնարավոր է, որ այնտեղ 19-րդ դարի կամ ավելի հին բեկորներ գտնվեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Մեկ այլ խնդիր է, որ, ըստ ճարտարապետի, ավտոկայանատեղին դեպի հրապարակ կբերի մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, որոնք այնտեղ կցանկանան կանգնել:
Ըստ նրա՝ այսօր չի կարելի ձեռք տալ նաև պատկերասրահի շենքին, թեև այն իրոք թամանյանական սկզբունքներից դուրս է:
«Մենք բոլոր ճարտարապետական կառույցները խեղել ենք արդեն: Իսկ հրապարակն այսօր պատրաստի կառույց է: Փակ շուկան պարզ օրինակ է: Այդ ժամանակ էլ ասվում էր, որ ոչ մի փոփոխություն չի արվելու, բայց մենք կորցրինք Փակ Շուկան, որ մեր ճարտարապետության գլուխգործոցներից էր»: