Լոնդոնի համալսարանի մի քանի ուսանողներով միշտ ներկա ենք լինում Լեւոն Արոնյանի՝ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պարտիաներին: Պարտիաներից հետո Արոնյանը միշտ զրուցում է հայ ուսանողների հետ: Այդ մասին Sport.News.am-ի զրույցում ասել է Լոնդոնի համալսարանի ուսանող Անդրանիկ Մնացականյանը, ով մանրամասներ է պատմել հավակնորդների մրցաշարի մասին: «Լոնդոնի համալսարանի մի քանի ուսանողներով միշտ ներկա ենք լինում Արոնյանի պարտիաներին: Դա կազմակերպում է համալսարանում գործող հայկական ասոսցիացիան: Հայկական համայնքից եւ դեսպանատնից դեռ մարդ չի եկել: Մենք մի քանի հոգի ենք: Իսկ կիրակի օրվա պարտիային մոտ 15 հոգով էինք գնացել: Լեւոնի հետ ամեն օր զրուցում ենք: Նա այնպիսի մարդ է, որ անկախ ամեն ինչից՝ միշտ սիրով հաղորդակցվում է: Պարտություն կրելու օրը նա անգամ մամուլի ասուլիսին չմասնակցեց, բայց եկավ մեզ մոտ: Ի տարբերություն շատ ֆուտբոլիստների ու մարզիչների, ովքեր պարտությունից հետո բարկանում ու մունաթով են խոսում, Լեւոնը լրիվ այլ է: Հենց դա էլ ապացուցում է, որ նա ուժեղ է: Նա շատ շնորհակալ է, որ մենք գալիս ու աջակցում ենք իրեն: Ասում է, որ ինքն իրեն նման չէ այս մրցաշարում, արդյունքին շատ լուրջ է վերաբերվում: Հայերի հանդեպ շատ ջերմ է միշտ: Բոլորիս հետ նկարվում եւ շփվում է: Վերջում հարցնում է, թե հաջորդ պարտիային նույնպես գալու ենք: Քանի որ ոչինչ չեն թողնում ներս տանել, մենք A4 ֆորմատի թղթի վրա տպում ենք հայկական եռագույնը եւ դնում նստարաններին: Երբ նա գալիս է, տեսնում է դա եւ ժպտում: Լեւոնի քեռին է միշտ իր հետ լինում եւ ասում է, որ մենք իրեն ուժ ենք տալիս: Իվանչուկի նկատմամբ այս վերջին հաղթանակից առաջ կատակով ասաց, որ այսօր լրիվ այլ ճանապարհով է եկել: Միայն Լեւոնը երկրպագուներ ունի այստեղ: Երբեմն էլ գալիս են Կարլսենի ընտանիքի անդամները: Ասեմ, որ ի տարբերություն Լեւոնի, Կարլսենը շատ գոռոզ եւ կոպիտ մարդ է: Առաջին օրը մեր ուսանողներից մեկը փորձեց լուսանկարվել նրա հետ: Մենք, իհարկե, բարկացանք նրա վրա, իսկ Մագնուսը շատ կոպիտ, արհամարհական ձեւով մերժեց: Որպես մարդ նրանք շատ տարբեր են: Մուտքը վճարովի է: Ուսանողների համար 11 ֆունտ ստերլինգ, իսկ մյուսների համար՝ 30: Դա այստեղի համար էժան չէ: Դահլիճը միշտ կիսադատարկ է լինում: Հիմնականում հայերն են ներկա լինում: Անգլիայում շախմատը մասսայականություն չի վայելում: Անգամ առաջին օրը մեծ դժվարությամբ գտանք մրցաշարի անցկացման վայրը: Նույնիսկ շախմատի մեկնաբաններն այնքան էլ ուժեղ չեն: Չնայած մրցաշարի հովանավորը ադրբեջանական Socarn-ն է, այս օրերի ընթացքում այստեղ դեռ ադրբեջանցիների չենք հանդիպել, թեեւ Ռաջաբովն էլ է խաղում: Կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա է: Ներս չեն թողնում տանել համակարգչային տեխնիկա, հեռախոսներ, որպեսզի չկրկնվի Կրամնիկի հետ կապված պատմությունը, երբ նրան տարիներ առաջ ինտերնետով հուշել էին քայլերը: Ես համոզված եմ, որ այս մրցաշարում հաղթելու է Լեւոն Արոնյանը»,- զրույցում ասել է Անդրանիկ Մնացականյանը: