Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը թերեւս ամենահետաքրքիրն ու դիտարժանն է առայժմ մրցաշարում: Չնայած որ ոչ մի արդյունավետ պարտիա չգրանցվեց: Ինչպես եւ կանխատեսում էինք, տուրի կենտրոնական պարտիան՝ Կրամնիկի եւ Արոնյանի միջեւ, չափազանց բարդ ստացվեց հայ գրոսմայստերի համար: Ինչպիսի մարզավիճակում էլ լինի Արոնյանը, ինչպիսի վարկանիշ եւ ամբիցիաներ էլ լինեն, Կրամնիկը շարունակում է Լեւոնի ամենաանհարմար մրցակիցներից մեկը մնալ: Այս պարտիայում էլ ռուսաստանցին հզոր գրոհ ձեռնարկեց, եւ օգտվելով Արոնյանի սխալից, (որը գայթակղվեց ոչ ուտելի զինվորով ...20. Թ:a2) բավական մոտ էր հաղթանակին, սակայն 24-րդ քայլում սայթաքեց (նույպես ոչ այնքան համեղ զինվոր՝ Թ:d5) եւ մրցակցին պարտիան փրկելու հնարավորություն տվեց: Հետագայում հայ գրոսմայստերը ոսկերչական ճշգրտության քայլերի շնորհիվ կարողացավ ի վերջո ոչ-ոքիի հասնել: Բավական հետաքրքիր պարտիա էր եւ հավանաբար, կընդգրկվի տարվա լավագույնների շարքում՝ հարուստ սյուժեի, դրամատիզմի եւ գեղեցիկ քայլերի, մտահղացումների առատության շնորհիվ: Ուկրաինացի Իվանչուկը մրցաշարի մյուս առաջատարի՝ Մագնուս Կառլսենի հետ խաղում շատ հաճելի եւ հեռանկարային դիրք ստացավ, սակայն հաղթանակի համար գրոհի զարգացման անհրաժեշտ ռեսուրսներ չգտավ եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մյուս երկու պարտիաները՝ Սվիդլեր – Գելֆանդ, եւ Գրիշչուկ – Ռաջաբով, նույնպես հետաքրքիր ընթացք ունեցան, սակայն այստեղ էլ կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի: Մի խոսքով, տուրում մարտական դրություն էր հայտարարված, որն ավարտվեց համատարած զինադադարով:   Մրցաշարային դիրքը 5-րդ տուրից հետո փոփոխության չենթարկվեց. 1-2. Արոնյան, Կարլսեն` 3,5; 3. Սվիդլեր` 3; 4-5. Ռաջաբով, Կրամնիկ` 2,5; 6. Գրիշչուկ` 2; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 1,5: Իսկ այսօր մեզ սպասում են ադրենալինի նոր չափաբաժիններ. 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Ռաջաբովի հետ: Չափազանց սկզբունքային մրցավեճ՝ մարզական եւ ընդհանրապես, բոլոր առումներով: Նորից հայտարարվում է մարտական դրություն: Տուրը մեկնարկում է 18:00-ին: ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end