Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Հանրապետության հրապարակում բողոքի ցույց են անցկացնում անհատ տաքսիների վարորդները: Նրանց դժգոհության պատճառը լիցենզավորման կարգի փոփոխություններն են, որոնք նախատեսում են դեղին համարանիշների փոխարինում սպիտակով, ինչպես նաեւ` ամսական 12 հազար դրամի չափ նոր հարկի գանձում: Տաքսու վարորդների խոսքով, ստեղծված պայմաններում նման գումարի վճարումը, պարզապես, անհնար կլինի, եւ այդ որոշման գործողությունը պետք է կասեցվի: Տաքսու վարորդները փակել են Հանրապետության հրապարակը: Նշենք, որ Գյումրիի տաքսիստները եւս նույն պահանջով հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են անհապաղ կասեցնել լիցենզավորման նոր կարգի գործողությունը: Տաքսիստները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կփակեն քաղաքի բոլոր ճանապարհները եւ Գյումրի-Երեւան մայրուղին: