ԱՄՆ անհանգստացած է վերջին ժամանակներին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների բռնկումից: Այս մասին փետրվարի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է արտահայտել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը: Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգերն աջակցում է բանակցային գործընթացի ներկայիս ձևաչափին: «Լուծումը չպետք է հիմնված լինի բռնության վրա: ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Այս համատեքստում նա հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կատարոմ են միայն միջնորդական գործառույթներ և չեն կարող հակամարտության լուծումը պարտադրել կողմերից որևէ մեկին: Միլզը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ և Մինսկի խմբի  համանախագահները միշտ էլ կդատապարտեն հակամարտության գոտում տեղի ունեցող բռնությունները, քանի որ դա համարում են անընդունելի: