«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` փառատոնն այս տարի նվիրվում է ականավոր երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը կլինի հետաքրքիր, բազմաոճ եւ պրեմիերաներով լի: «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի նպատակն է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշները ներկայացնել արվեստասեր հանրությանը: Փառատոնին այս տարի մասնակցություն կունենան նաեւ պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, Ռուսաստանից աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը, Իսպանիայի ֆլեյտահարուհի Սառա Ուռենան, այլ անվանի երաժիշտներ: «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում: