Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հարցը եվրոպական հիշողության մաս դարձնել: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի երկրորդ օրը «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Մարությանը։ «Մենք պետք է խոսենք աշխարհի հետ, պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկենք եվրոպական, և ոչ միայն եվրոպական, այլ նաև ամերիկյան հիշողության մի մաս դառնալու համար: Հարկավոր է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանության փաստերը հայտնվեն եվրոպական և ամերիկյան դպրոցական դասագրքերում», - ասաց նա: Մարությանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ բացի քաղաքակիրթ հարցադրումներից գոյություն ունեն նաև քաղաքական որոշումներ, որոնք մեծապես խոչընդոտում են Ցեղասպանության ճանաչմանը: «Շատերն են իրենց խոսքում նշում, որ 1915թ. հայության և ամբողջ մարդկության դեմ հանցագործություն է իրականացվել, սակայն երբ գալիս է դատապարտելու պահը, առաջ է գալիս քաղաքականությունը և խառնում բոլոր խաղաքարտերը»,- ասաց Մարությանը: Նրա խոսքով` քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մտավորականության դերը մեծացնելու համար: Հարություն Մարությանը նշեց, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած գիտաժողով շատ կարևոր նշանակություն ունի: «Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին այս գիտաժողովի կազմակերպումը դրական եմ գնահատում: Կարևոր է այն հանգամանքը, որ բացի գիտական զեկույցներից, ներկայացվում  են նաև գործնական առաջարկներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հետագայում բոլոր այդ առաջարկները  կքննարկվեն ավելի նեղ շրջանակներում՝ որոշելու, թե ինչպես դրանք կյանքի կոչել: Մարտի 23-ին շարունակվում է «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար: Լայնամասշտաբ այս հանդիպումը նաև հնարավորություն կտա հանգամանորեն քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը: