Նախկին հրշեջ եւ սիրողական բռնցքամարտիկ, ֆրանսիացի Ռոբեր Մարշանը, որը շուտով կդառնա 101 տարեկան, դարձավ աշխարհի ամենաարագ հեծանվորդը տարիքային ամենաբարձր խմբի հեծանվավազքում: Նա 100 կմ տարածությունն անցել է 4 ժամ 17 րոպե եւ 27 վայրկյանում: Հեծանվորդների միջազգային միության տվյալներով, 100 տարեկանից բարձր ոչ մի հեծանվորդ 100 կմ տարածությունն այդքան արագ դեռ չէր անցել:«Իմ արդյունքը սպասվածից ավելի լավն էր»,- նշել է Մարշանը՝ ընդգծելով, որ վերջին մի քանի կիլոմետրը նրան դժվարությամբ տրվեց: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է այդ տարածությունն անցնել 5 ժամից պակաս ժամանակահատվածում: Reuters-ի տվյալներով, Մարշանը միայնակ է ապրում, մեքենա է վարում, ինքն է պատրաստում սնունդը եւ տնային գործերն անում: Մարշանը երբեք չի ծխել: Ֆրանսիացու անսովոր կենսունակությունը հետաքրքրել է INSERM գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներին, որոնք երեք ամիսը մեկ տեստ են անցկացնում Մարշանի հետ՝ փորձելով բացահայտել նրա երկարակեցության եւ հրաշալի առողջության գաղտնիքը: