Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
3.51 kB
Լոնդոնում հավակնորդների մրցաշարի հերթական տուրից հետո Լեւոն Արոնյանը azerisport-ի հետ զրույցում անդրադարձել է մրցաշարի ընթացքին, հայտնում է sport.news.am-ը:
Ի՞նչ կարող եք ասել հավակնորդների մրցաշարի մասին:
Այն մեծ ուշադրություն է բեւեռել իր վրա շախմատային աշխարհի կողմից: Մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն խաղացողները: Ինձ հաճելի է խաղալ այսպիսի հրաշալի վայրում: Առայժմ խաղը ստացվում է, բայց ես վստահ եմ, որ պայքարը կշարունակվի մինչեւ վերջին տուրը:
Համաձա՞յն եք, որ Մագնուս Կարլսենի հետ պարտիան շատ արագ ավարտվեց:
Մենք պարզապես ռիսկի չդիմեցինք:
Դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ պարտիաներում եւս դուք կխաղաք զգուշորեն:
Երբ անհրաժեշտ լինի, դուք կտեսնեք ռիսկ իմ կատարմամբ: Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:
Շատերը կարծում են, որ հիմնական պայքարը կծավալվի Ձեր եւ Կարլսենի միջեւ:
Ես համաձայն չեմ: Յուրաքանչյուր մասնակից ունի հաջողության շանս: Առջեւում դեռ կարեւոր պարտիաներ են: Յուրաքանչյուր մասնակից կարող է վերադառնալ պայքարի մեջ: Առայժմ վաղ է ամփոփել արդյունքը:
Ի՞նչ կասեք Թեյմուր Ռաջաբովի ելույթի մասին:
Այս մրցաշարում Թեյմուրի գլխավոր խնդիրը սկզբնախաղն է: Պարտիաների մեծ մասում սկզբնախաղը նրա մոտ չէր ստացվում: Բայց եթե նա գտնի իր խաղը, ապա ամեն ինչ դեռ կարող է փոխվել:
Ռաջաբովի եւ Կարլսենի պարտիայի ժամանակ Դուք ո՞ւմ կողմից էիք:
Ես երբեք որեւէ մեկին կողմ կամ դեմ չեմ լինում: Ես միշտ դիտարժանության կողմնակից եմ: Հավակնորդների մրցաշարում ես ունեմ յոթ մրցակից: Ինձ համար ավելի կարեւոր են իմ արդյունքները: Ես չեմ սիրում երբ իմ ճակատագիրը ուրիշի ձեռքում է: Նախընտրում եմ ամեն ինչ վճռել ինքս:
Ի՞նչ վերաբերմունք ունեք Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մասնակցությանը:
Ես միշտ ասել եմ, որ ցանկություն ունեմ այցելել Ադրբեջան: Հուսով եմ, որ մինչեւ Օլիմպիադան մեր երկրները արդեն կլուծեն բոլոր հիմնախնդիրները: Բաքուն կարծես՝ արգելված պտուղ լինի: Այն միշտ քաղցր է (ժպտում է):
Ինչպե՞ս անցկացրիք հանգստյան օրը:
Գնացի թատրոն, զբոսնեցի մի քանի հայտնի վայրերում: Առաջին անգամ չեմ Լոնդոնում: